Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է Ղազախստանի նախագահին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել։ Պաշտոնական Հայաստանը հերքում է Նազարբաևի հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Ղազախստանի նախագահի հայտարարությունը, այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,– ասաց Եղոյանը։

Հիշեցնենք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են սատարել Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նազարբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Բելառուսի թեկնածուին

Նա այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում:

Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի անդամին` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու:

Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ որակները:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։