ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընդմիջել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նիստը։ Այս մասին լրագրողներին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պաշտպանական կողմը լրացուցիչ նյութեր է պահանջել ծանոթանալու համար։ Դա կարևոր է, որ հասկանանք կալանավորման հիմքերն ու հետագայում բողոքարկենք դրանք», – ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` նիստը, որի ընթացքում կորոշվի Գևորգյանի խափանման միջոցի հարցը, կշարունակվի ժամը 15:00–ին։
Գևորգյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ մեղադրանքը վերաբերում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն։ Այդ մեղադրանքը քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակում։
Ըստ փաստաբանի` Գևորգյանն ու Քոչարյանը, ինչպես նաև նրանց փաստաբաններն այդ գործով չեն շփվել։ Գևորգյանն արդեն ցուցմունք է տվել, իրեն մեղավոր չի ճանաչել։
Նախաքննական մարմինը կարծում է, որ ազատության մեջ մնալու դեպքում նա կարող է ազդեցություն ունենալ հետաքննության վրա (կթաքնվի, վկաների վրա ճնշում կգործադրի)։
2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: