Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Չորս մեքենա ամբողջությամբ, 2-ը մասնակի այրվել են Երևանում այսօր բռնկված «ՊԱԶ»-ի հարևանությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել են «Cicar» մակնիշի և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ջերմահարվել՝ «ՈՒԱԶ» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «SATKO» մակնիշի (բրեզենտե ծածկով) 4 ավտոմեքենա:

Մեկ քաղաքացի՝ ծնված 1986 թ.-ին, այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ այլ քաղաքացի այրվածքներով՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: