Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ։ Նրանք «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին Ուկրաինայում մեղադրում են խարդախության մեջ։ «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը համարում է, որ դա ուկրաինական իշխանության մասնակցությամբ ծրագրված արշավ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ կայքում նշվում է, որ գործարարներն «անհետացել են» 2018-ի սեպտեմբերի 24-ին: Նրանք մեղադրվում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` «առավել խոշոր չափի կամ խմբակային խարդախություն»:

«Այս գործողությունները շատ լավ ծրագրված արշավի մի մասն է, որի նպատակն է խոշոր գումար կորզել Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներից։ Դրանում ներգրավել են նաև Ուկրաինայի վարչական ռեսուրսը», – հայտնել են ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից։

Ուկրաինական գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնում։

Հոդվածը, որով մեղադրվում են Սարկիսովները, նախատեսում է 5–ից 12 տարվա ազատազրկում` ունեցվածքի բռնագրավմամբ։