Ստրասբուրգի հրաձգության պատճառով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել. ԱԳՆ

Նախարարությունը տեղի հայերին և ՀՀ քաղաքացիներին խնդրում է հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգության պատճառով Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ինչ է կատարվել Ստրասբուրգում հրաձգությունից հետո. տեսանյութ

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը տեղի հայերին և ՀՀ քաղաքացիներին խնդրում է հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Հիշեցնենք` դեկտեմբերի 11–ին Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում, Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ ինքնաձիգով զինված տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա։

Հրաձգության հետևանքով մահացել են 3 մարդ, 12-ը վնասվածքներ են ստացել։