«Որքա՞ն եք ինձ սիրում», – անգլիական մի հեքիաթում այսպես է հայրը դիմում իր երեք դուստրերին։ «Կյանքիս չափ»,- պատասխանում է ավագ դուստրը։ «Կյանքիցս ավելի», -ասում է միջնեկը։ Իսկ պարզամիտ երրորդ դուստրն ասում է. «Իսկ ես սիրում եմ քեզ, ինչպես միսը աղ է սիրում»: Ու սրանով էլ իր գլխին բերում է հոր դժգոհությունը։
Իսկ որքա՞ն են մեզ սիրում խորհրդարանի մեր թեկնածուները, ու նրանց խոստումներում որտե՞ղ են իրական «միսն ու աղը»։ Փորձենք հասկանալ։
Որքա՞ն հարկ կվճարենք մեր աշխատավարձից ու որքա՞ն կուտակային կենսաթոշակային վճար։ Այս հարցը հուզում է մեր երկրի 600 հազար գրանցված աշխատողներին։ Լավ է հողը միայնա՞կ մշակել, թե՞ կոոպերատիվ մտնել։ Ի՞նչ պայմաններով։ Այդ հարցը հուզում է մոտ 350 հազար գյուղական ընտանիքներին։
Նոր կառավարությունը նվազագույն թոշակի չափը հասցրել է նվազագույն պարենային զամբյուղի չափին։ Ե՞րբ ու ինչպե՞ս է կարելի այն հասցնել սպառողական զամբյուղին։ Չէ՞ որ թոշակառուները ոչ միայն սնվում են, այլև ձմռանը պետք է տաքանան, կլոր տարին դեղեր խմեն։ Այդ հարցերը հուզում են 460 հազար թոշակառուներին ու նրանց երեխաներին։
Բայցևայնպես, դատելով համացանցի օգտատերերի արձագանքներից` այդ հարցերը քիչ են հուզում ընտրողներին։ Իսկ եթե չկա հարց, չկա նաև պատասխան։ Գուցե հենց դրանից է, որ նախընտրական ծրագրերում կուսակցություններն այդքան չէին խորացել սոցիալական ու տնտեսական խնդիրների մեջ, ինչպես դա անում են նրանց եվրոպացի գործընկերները։ Համեմատության համար ներկայացնենք Ջերեմի Կորբինի ու բրիտանացի լեյբորիստների կամ Մարին լը Պենի՝ նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրերը։
Հայաստանի այսօրվա գլխավոր տնտեսական փոփոխություններից են հարկային բարեփոխումները։ Եկամտահարկն ուզում են իջեցնել մինչև 23%, հետո` 20%, բայց կենսաթոշակային վճարումները՝ ավելացնել 2,5%-ից 5%-ը։ Իսկ եկամտահարկը լինելու է ոչ թե սանդղակով, այլ հավասար բոլորի համար` լինի դա 60, թե 600 հազար դրամ աշխատավարձ։ Իսկ հեռանկարում կառավարությունն առաջարկում է անցնել համընդհանուր հարկային հայտարարագրերի։ Այս հարցերը շատերին են վերաբերում, իսկ վերջին հարցը` անխտիր բոլորիս։
Արդյո՞ք այդ բարեփոխումները ճիշտ են մտածված։ Նախընտրական քարոզարշավը, թերևս, այս հարցի վրա սևեռվելու ամենաճիշտ ժամանակն էր։ Թեկուզև տուրք տալով նախընտրական «աղ ու պղպեղին»։
Քարոզարշավի երկու շաբաթում «աղ ու պղպեղն» իրոք անպակաս էին, իսկ արդյո՞ք տակը գոնե մի քիչ «միս» կար։ Փորձենք դա հասկանալ խորհրդարան անցած ուժերի օրինակներով։
Աշխատողների հարկերը։ «Իմ քայլը» դաշինքն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը (Փաշինյանի կառավարության առաջարկությունների համաձայն)։ «Բարգավաճ Հայաստանն» իր նախընտրական ծրագրում այդ մասին ոչինչ չի ասում։ Իսկ «Լուսավոր Հայաստանը» երկու առաջարկ է անում։ Առաջինը` եկամտահարկի ժամանակավոր արտոնություններ տալ նպաստառուներին, որոնք սկսել են աշխատել։ Երկրորդը` հավասարեցնել եկամտային հարկն ու շահութահարկը։ Նման մոտեցում եղել է Հարկային օրենսգրքի վաղ փուլերում (դեռ 2016 թվականի սկզբին)։ Հիմա, երբ եկամտահարկը շահութահարկից բարձր է, բիզնեսը աշխատողներին չգրանցելու լրացուցիչ շահագրգռվածություն է ստանում: Աշխատավարձի ծախսը որոշ ձեռնարկություններ գրանցում են որպես շահույթ և դրանից 20% հարկ վճարում, այլ ոչ թե 24,4% կամ 26%։
Միկրոբիզնեսի հարկերը։ «Իմ քայլն» առաջարկում է հարկերից ազատել միկրոբիզնեսը (տարեկան մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ), բացառությամբ առևտրի. Երևանում՝ ամբողջությամբ, մարզերում՝ առևտրի կենտրոններում։ Ընդ որում` հարկազատում կստանան նաև ոչ միայն ընտանեկան ձեռնարկությունները, այլև դրանք, որտեղ աշխատում են ոչ ընտանիքի անդամներ։
«Բարգավաճ Հայաստանը» որոշել է «Իմ քայլից» մեկ քայլ առաջ գնալ ու խոստացել է հարկազատման շեմը բարձրացնել մինչև 30 միլիոն դրամ։ «Լուսավորներն» առաջարկում են իրենց մոդելը. հարկերից ազատել այն բիզնեսը, որի գումարային շրջանառությունը վերջին երեք տարվա ընթացքում չի գերազանցել 60 միլիոն դրամը։
Շրջանառության հարկ։ Շրջանառության հարկի «հովանոցի» տակ «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանն» ուզում են թողնել տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսին։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը» առաջարկում է «հովանոցը» լայնացնել մինչև տարեկան 150 միլիոն դրամ։
Բայց ինչ արտոնություն էլ տան փոքր բիզնեսին կամ շրջհարկին, նրանց համար մնում է մեկ չլուծված խնդիր: Երբ փոքր ու միջին բիզնեսը գործ է ունենում խոշորի հետ, նրանց միջև շահերի բախում է առաջանում: Հիշենք «Երևան Սիթիում» մայիսին անցկացված ստուգումները: Ինչու՞ էր «Սիթին» առևտուր անում ֆիկտիվ անհատ ձեռներեցներով: Հարկերից խուսափելու համար: Այո, բայց ոչ միայն: «Սիթին» էր կարող ԱԱՀ-ի դեբետ ստանալ, երբ ապրանք էր գնում շրջհարկով աշխատող մատակարարներից (օրինակ՝ տեղական փոքր ու միջին արտադրողներից): Արդյունքում ողջ ԱԱՀ-ն վճարում էր ինքնուրույն: Կամ էլ, որ «տակ չմնար», ապրանքը մատակարարներից առնում էր ավելի ցածր գնով։
Գյուղացին է քաղաք կերակրում
Նախընտրական ծրագրերը հիմնականում քաղաքի համար էին։ Քիչ բան էր ասվում գյուղի մասին. գյուղական կոոպերատիվների (որոնք դժվարությամբ են կյանքի կոչվում), խաղողի ֆիլոքսերայի (որը սպառնում է Արարատյան դաշտին), հակակարկտային ցանցերի ու կաթիլային ոռոգման արտոնյալ վարկերի, տոհմային անասունների կամ մրգի թզուկաճ ծառերի համար արտոնյալ վարկերի մասին։ «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» խոսում են գյուղական տեխնոլոգիաներին ու գյուղական ապահովագրությանն աջակցելու մասին։ «Լուսավորները» նաև առաջարկում են ընդլայնել ագրարային արտադրանքի համար վարկի սուբսիդիաները։
Հատկանշական է, որ նախընտրական բոլոր ծրագրերում խոսվում է ստարտափներին աջակցելու մասին։ Բայց, ինչպես և նախորդ իշխանության օրոք, խոսքը միայն ՏՏ-ի մասին է։ Իսկ արդյո՞ք ստարտափ չէ ծիրանի կորիզից յուղ արտադրելը կամ կոնյակի արտադրության մնացորդներից կենսահավելումներ արտադրելը։ Չէ՞ որ նրանք երկրի համար նոր բան են արտադրում։ Դրա մասին ծրագրերում ոչինչ չի ասվում։ Թեև հնարավոր է, դեռ կասվի։ Քանի որ «Իմ քայլի» թեկնածուներից մեկը տարիներ առաջ հենց այսպիսի արտադրությամբ էր ուզում զբաղվել, ուրեմն լավ ծանոթ է խնդրին։
Հեյ, ճամփեք ոլոր-մոլոր…
Ինչպե՞ս աջակցել արդյունաբերությանը։ Նախորդ իշխանությունները համարում էին, որ պետք է նրանց համար լավ ենթակառուցվածք ստեղծել` ճանապարհներ, ջրագծեր, հոսանք։ Ավելի քիչ ուշադրություն էր դարձվում (ու դարձվում է) ոչ թե անուղղակի, այլ ուղղակի աջակցությանը`արտոնյալ վարկավորմանը կամ «հարկային արձակուրդներին» կայացման տարիների համար։ Ինչու՞ ոչ: Չէ՞ որ տնտեսությունն առաջ է տանում ոչ միայն ՏՏ–ն, այլ կաշվի, դեղագործական, հաստոցաշինական գործարանները (Հայաստանում այդ ամենը դեռևս քիչ, բայց կա)։
Վերջում ավելացնենք` որքան էլ լավը լինեն ծրագրերը, ու նույնիսկ եթե մեծամասնությունը ականջալուր լինի փոքրամասնության առաջարկներին, արդյունքների համար պետք է փոքր-ինչ սպասել։ Քանի որ 2019 թվականի բյուջեն արդեն կազմված է ու հաստատմանն է սպասում։