Երևանի 192 դպրոցի տնօրենը 5 տարի շարունակ յուրացրել է աշխատավարձերը

Տնօրենը լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել մեկին, ով աշխատանքի չի հաճախել, բայց նրա անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8 մլն

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերևույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: