Ինչ փոփոխություն կլինի գործադիրում, ու ովքեր կնստեն ԱԺ ղեկավար աթոռներին. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, բայց մամուլում արդեն լուրեր են շրջանառում, թե օրենսդիր ու գործադիր մարմիններում որ պաշտոնն ում է բաժին հասնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ են հասել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Ըստ թերթի` քննարկվում է սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետևյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: «Իսկ թե ով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ»,- գրում է պարբերականը:

Այդուհանդերձ, ԱԺ Կանոնակարգ օրենքով խորհրդարանի փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է ստանձնի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Այս համատեքստում մամուլում շրջանառվում է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի անունը։

Ինչ վերաբերում է նախարարությունների թվի կրճատմանն ու կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին, դրանց մասին պաշտոնապես հայտարարել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար, սակայն, նախ անհրաժեշտ է, որ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ–ն անցնի աշխատանքի։