Դատարանում որոշվում է Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է նախկին փոխվարչապետին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցով դատական նիստը։

Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան է դիմել նախաքննական մարմինը։

«ՀՔԾ քննիչն է դիմել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նաև նշեց, որ ՀՔԾ–ն ավելի ուշ հանդես կգա լրացուցիչ տեղեկություններով։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին գրավով ազատելու միջնորդությունը

Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: