Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության հարցով նիստը հետաձգվել է

Նախկին փոխվարչապետին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստն անցկացվում է փակ դռների հետևում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և hասարակայնության հետ կապերի ծառայության վարչության պետ Արման Խաչատրյանը։

Նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Դռնփակ նիստը նախագահել է դատավոր Արման Հովհաննիսյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նիստը հետաձգվել է Արմեն Գևորգյանի փաստաբանի փոփոխության պատճառով։ Նոր փաստաբանը դատարանին խնդրել է գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել, ինչը բավարարվել է։

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին գրավով ազատելու միջնորդությունը

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: