Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

30 տարի առաջ` 1988թ–ի դեկտեմբերի 11–ին, Երևանից ոչ հեռու կործանվեց մարդասիրական օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը։ Ողբերգության տարելիցին Հայաստանում էին մահացած օդաչուների ընտանիքները։
Sputnik

«Љубав немогуће омогуће», – ասում են սերբերը։ Սերն անհնարը հնարավոր է դարձնում։ Հավանաբար այս խոսքերով են Պրեդրագ Մարինկովիչին մեծացրել նրա ծնողները։ Հարավսլավիայում, սառը քմծիծաղը դեմքին, չորս տարի շրջում էր անսիրտ պատերազմը։  Ինչ–որ հրաշքով 1941թ–ին նա շրջանցել էր չորս տարեկան տղային։ Եվ պատերազմից հետո ծնողները ջանք ու եռանդ չէին խնայում, միայն թե Պրեդրագը ողջ ու առողջ լիներ։ «Պրե–դրագ»` այսինքն շատ–շատ թանկ։

Վլադիմիր Էրչիչը ծնվեց 1948թ–ին։ Նրա հայրենի Սեչա Ռեկա գյուղի մոտ հարավսլավացի պարտիզանները, ի հեճուկս ամեն կարգի ու հաշվարկի, պայքարում էին մարդկանց կյանքի համար իրենց փոքրիկ Ուժիցկի հանրապետությունում` նացիստներին թույլ չտալով ևս մի քանի դիվիզիաներ տեղափոխել Խորհրդային Միություն։ Կարմիր բանակի և բուլղարական զորամասերի հետ միասին հարավսլավացիներն արմատախիլ արեցին նացիզմն իրենց երկրից և խաղաղություն հաստատեցին: Ծնողներն իրենց որդուն Վլադիմիր անվանեցին՝ տիրել աշխարհին (владеть миром - Владимир), տիրել նոր ու խաղաղ աշխարհին. նրանք հավանաբար այդպես են մտածել։

Պրեդրագը և Վլադիմիրը մեծացան և օդաչու դարձան։ Հարավսլավիայի խաղաղ երկնքում նրանց անցկացրած ժամերը մի քանի հազարի են հասնում։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

1988թ–ի դեկտեմբերի 11–ին Հարավսլավիա լուր հասավ Հայաստանի երկրաշարժի մասին։ Եվ փոխգնդապետներ Պրեդրագ Մարինկովիչի, Վլադիմիր Էրչիչի և նրանց ընկերների համար թանկ դարձան մարդիկ, որոնց նրանք երբեք չէին տեսել։

1988թ–ի դեկտեմբերի 11–ին նրանց օդանավը Սկոպյեի օդանավակայանից Հայաստան ուղևորվեց` բեռնված պարենամթերքով և դեղորայքով, որպեսզի առանց վայրկյան կորցնելու  հասցնեն դրանք կույր ավերակների մեջ մնացած մարդկանց։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

«Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ ողբերգությունից մեկ տարի անց` 1989թ–ի դեկտեմբերին։ Ես վեց տարեկան էի», – հիշում է Մարիա Էրչիչը` օդաչուի աղջիկը։ Նա պատմում է, որ իրենց հետ էր նաև իր եղբայրը։ Նա այդ ժամանակ երեք ամսական էր. ճակատագիրը որոշել էր, որ չպետք է տեսնի իր հորը։

Երկրորդ անգամ Հարավսլավիայի պատվիրակությունը (այդ ժամանակ դեռ կար այդ պետությունը) Հայաստան ժամանեց զոհված օդաչուների հուշահամալիրի բացմանը, որը տեղի ունեցավ 1995թ–ին։

Մարիայի երրորդ այցն արդեն նաև պաշտոնական բնույթ ուներ. նա Հայաստան եկավ հա՛մ որպես Էրչիչի դուստր, հա՛մ որպես Սերբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, որտեղ ծառայում է վետերանների հետ աշխատանքի բաժնում։ Ողբերգության 30–ամյա տարելիցի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ Երևան էին ժամանել օդաչուների և սերբ զինվորականների ընտանիքների անդամները։

«Մարդուն բնորոշ է մոռանալը։ Ժամանակի մեջ խամրում են հիշողությունն ու մարդկանց միջև կապերը։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ մենք պահպանում ենք այդ հիշողությունը։ 30 տարի է անցել։ Հորս ծառայակից ընկերներն արդեն թոշակի են անցել, իսկ ոմանք, ցավոք, արդեն չկան։ Բայց հիշողությունը չի անհետանում, մենք դրա համար ենք ողջ», – ասում է Մարիա Էրչիչը։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

Պարզվեց, որ քաղցած և ցուրտ Հայաստանում էլ մարդիկ չէին կարող ապրել առանց հիշողության։ 1995թ–ին, երբ տներում դեռ նավթ էին վառում, իսկ հացի հերթերում պարզում էին ցրտից փայտացած ձեռքեր, ինքնաթիռի վթարի վայրում հուշարձան էր վեր խոյացել։

 «Այդ ժամանակ ես արդեն մեծ էի, ավելի շատ հիշողություններ են մնացել։ Այդ ժամանակ ձեր երկրի վիճակը շատ ծանր, բայց հյուրերին դիմավորում էին, ինչպես կարող էին։ Նման վերաբերմունք եմ զգում նաև հիմա», – ասում է նա։

Այրիներից մեկը` Միրա Պետրովիչը, 1995թ–ին ներկա է եղել հուշարձանի բացմանը։ Այդ ժամանակ նրա հետ եղել է մահացած օդաչուի 77–ամյա մայրը։ Էջմիածնի մոտ` սառած դաշտի մեջ, նրանք երկար ժամանակ չէին պոկում ձեռքերը քարե սալիկից։ Հաստատ ուզում էին, որպեսզի իրենց սիրելի Միլիսլավ Պետրովիչը մի քիչ ջերմություն զգա։

Այստեղ` Հայաստանում, նրանց ցավը փորձել են մեղմել, ինչպես կարողացել են, հիշում է տիկին Միրան։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

«Մեզ ընդունեցին շատ հաստատություններում։ Ընդունեցին նաև Գիտությունների ակադեմիայում», – պատմում է նա։

Այնտեղ համբուրել էին Միլիսլավի մոր ձեռքը։

1989թ–ին, երբ առաջին անգամ եկել էին, մահացածների ընտանիքները զգացել էին ոչ միայն Հայաստանի հոգատարությունը, այլ նաև մեծ երկրի, որը դեռ գոյություն ուներ։ Օդաչուների երեխաներին մեկ ամսով ուղարկել էին Ղրիմ` Սև ծովի արևը տեսնելու։

«Երբ Հայաստանում տեղադրեցին հուշարձանը, մեզ մոտ բերեցին հայկական երկու խաչքար», – ասում է բրիգադի գեներալ Ժելկո Բիլիչը։ Նա Սերբիայի ՌՕՈւ 204–րդ օդային բրիգադի հրամանատարն է, որտեղ ծառայել են օդաչուները։ Երևան է եկել` գլխավորելով սերբական ռազմական պատվիրակությունը։ Սերբերենում, իհարկե, «խաչքար» բառ չկա։ Բայց կա հիշողություն, որն ընդհանուր է երկու ժողովուրդների համար։

Խաչքարերից մեկը տեղադրված է Բելգրադի հյուսիսարևմտյան հատվածում` Զեմուն շրջանում, Բատայնիցա օդանավակայանի մոտ։ Մյուսը` Նովի Սադ քաղաքում, որտեղ մի ժամանակ հայկական կաթոլիկ եկեղեցի է եղել։

Արդեն 30 տարի է անցել, մահացածների ընկերները 70 անց են։ Ոմանք թոշակի են անցել, ոմանք արդեն չկան։ Օդաչուները, որոնք հիմա ծառայում են Բատայնիցայում, 1988թ–ին դեռ կուրսանտ էին կամ դպրոցական։ Բայց...

«Ամեն տարի մեր բրիգադի օդաչուները պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին գալիս են Զեմունի հուշարձանի մոտ, որպեսզի հարգեն իրենց ընկերների հիշատակը։ Մենք այնտեղ ծաղիկներ ենք դնում և հիշում նրանց։ Դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել նրանց համար», – ասում է գեներալ Բիլիչը։

Օդաչուների մի մասը գնում է Լոզնիցա։ Քաղաքի փողոցներից մեկը հիմա կրում է Պրեդրագ Մարինկովիչի անունը։

Հուշահամալիրի մոտ 51–ամյա գեներալ Բիլիչը պատիվ է տալիս։ Իսկ կանայք, երեխաները,  հիմա նաև՝ թոռները խաչակնքում են։ Հետո մոմ են վառում։ Ամեն ինչ, ինչպես հայերի մոտ։ Հնչում են խոսքեր ու արտահայտություններ, որոնք զարմանալիորեն նման են ռուսերենին։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

Այրիներից մեկը քարի վրա մի շիշ ռակիա է դնում։ Թող հավաքվածներից յուրաքանչյուրը` ծանոթ և անծանոթ, խմի հոգու հանգստության համար։ Կողքին նա չեսնիցա է դնում։ Դա կլոր բոքոն է` ուղղափառ նախշերով, որոնք սերբերը թխում են տոներին կամ հիշատակի օրերին։ Սերբերը չգիտեն «խաչքար» բառը, հայերը` «չեսնիցան»։ Բայց դա ոչինչ չի նշանակում։

Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը

«Դուք նրանց մի քանի բառ փոխանցեք, ասեք, որ հիշում ենք այդ մարդկանց, սիրում ենք։ Ես ինքս էլ կասեի. ափսոս, որ լեզուն չգիտեմ», – ասում է մեզ գյուղացիներից մեկը` մաշված կաշվե բաճկոնով և մոխրագույն տաբատով։ Բայց նրան բոլորը հասկանում են, պետք չէ անհանգստանալ. հեռավոր Սերբիայից եկածները հասկացան նրա խոսքերը։

"Пилоти никад не умру, они одлете у небо". «Օդաչուները երբեք չեն մահանում, նրանք երկինք են բարձրանում»,– հուշարձանի մոտ ասում է գեներալ Բիլիչը։

Ահա այդ մարդկանց անունները, որոնց մասին դա ասվեց այսօր՝ դեկտեմբերի 11-ին. Պրեդրագ Մարինկովիչ, Վլադիմիր Էրչիչ, Միլենկո Սիմիչ, Միլան Միչիչ, Բորիշա Մոսուրովիչ, Միլիսլավ Պետրովիչ, Յովան Զիսովը։

Նրանք սիրեցին անծանոթ մարդկանց, նվիրվեցին ու ինքնամոռաց եկան օգնության։