ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Բաղրամյան փողոցի առաջին փակուղին այսուհետ կոչվելու է «ցեղասպանություն» եզրույթի հեղինակի` Ռաֆայել Լեմկինի պատվին։ Դրա համար Հայաստանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։
Դիենգը Հայաստանում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի շրջանակում, որը մեկնարկել է դեկտեմբերի 9–ին։ Այսօր Երևանում տեղի ունեցավ փողոցի անվանակոչման արարողությունը։ Որոշումը կայացվել էր դեռ նոյեմբերի 27–ին Երևանու Ավագանու նիստի ժամանակ։
«Շնորհակալություն Հայաստանին, երևանցիներին ու քաղաքապետարանին՝ նման նախաձեռնության համար։ Դա շատ կարևոր օր է, որը օրինակելի կդառնա մնացածի համար», – ասաց բացման արարողության ժամանակ Դիենգը։
Նրա խոսքով`Լեմկինն այն մարդկանցից էր, որ գիտեր` ինչ է ցեղասպանությունը, նա Հոլոքոստի ժամանակ կորցրել էր ընտանիքի 49 անդամի։
«Նա ցեղասպանություն տեսած մարդ է», – ընդգծեց խորհրդականը։
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն իր հերթին այս օրը պատմական անվանեց։
«Մենք քննարկեցինք ու որոշեցինք վերանվանել փողոցը Լեմկինի անունով։ Դա ճիշտ որոշում է։ Այսուհետ մեր քաղաքի կենտրոնում կլինի մի մարդու փողոց, որը մեծ ներդրում է ունեցել, ստեղծելով հայեցակարգ ու հայեցակարգին իրավական կարգավիճակ տալով, նա ստեղծել է ցեղասպանություն եզրույթն ու բացատրել է այն», – լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Հայաստանը Նիդեռլանդներից հետո աշխարհի երկրորդ երկիրն է, որտեղ Լեմկինի անվան փողոց կա։
Լեմկինը ՄԱԿ–ի կոնվենցիայի նախագծի հեղինակն է։ Այդ կոնվենցիան ցեղասպանության կանխման ու հանցագործության համար պատժի մասին է։ 1944 թվականին նա «ցեղասպանություն» հասկացություն է ստեղծել։ Միաժամանակ նա հղում էր արել 1915 թվականին իրագործված հայերի ջարդին որպես ցեղասպանության հիմնարար օրինակ։