«Գեներալ-գուբերնատորը», մարզպետն ու նախկին քաղաքապետը. ովքե՞ր են Գյումրվա ռեյտինգայինները

Առանց արտառոց միջադեպերի և գիտակցաբար. Շիրակի մարզում ընտրությունների ընթացքի ու արդյունքի մասին պատմում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Դեկտեմբերի 9-ին կայացած  ԱԺ  արտահերթ  ընտրությունները յուրահատուկ ու տարբերվող էին  Շիրակում.  առաջին անգամ էր, որ դրանց ընթացքում չեղան արտառոց միջադեպեր կամ բողոքներ:

18 և 90–ամյա ընտրողները՝ հանուն Հայաստանի ապագայի. Շիրակում ընտրությունները պասիվ են

Նույնիսկ անցած ընտրություններին մասնակից հանձնաժողովականներն են վկայում, որ այս անգամ ուրիշ  էր ՝ հերթով, շարքով ու կարգով: Ճիշտ է, ամենապասիվը Գյումրին էր, բայց առաջին անգամ ընտրողը տեղամաս եկել էր քաղաքացիական գիտակցումով և ոչ  թե  այլ «մոտիվացիայով»: Բացառությամբ մեկ-երկու տեղամասերի, որտեղ կային առաջադրված «թաղային հեղինակություններ», մյուս տեղերում ուղղորդումներ չկային:

70  ամյա Արտուշ պապը Sputnik Արմենիային անկեղծացավ. «Այսքան տարվա մեջ առաջին անգամ եմ, աղջիկ ջան, ընտրությունների գնացել միայն մեկ բանի համար՝ որ իմ ձայնին տեր կանգնեմ»:

Ռեյտինգային ցուցակների նախնական արդյունքներն էլ հիմնականում կանխատեսելի էին՝ Շիրակի մարզում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուն, ինչպես Գյումրում են նրան կատակով կոչում,  «գեներալ-գուբերնատոր» Ֆելիքս Ցոլակյանն է, որն առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից:

Սփյուռքահայ գործարարը դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակցությանը. Գյումրիում բացվեց «Սաստեքսը»

2017 թվականի համեմատ նա գրեթե կրկնակի շատ քվե էր ստացել: Ի դեպ, իր 24.172 քվեներով Շիրակի նախկին մարզպետ, ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանրապետությունում երրորդն է: Նրան հաջորդում են Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը՝ Կարեն Սարուխանյանը և Սոֆյա Հովսեփյանը, իրենց, համապատասխանաբար,  6271 և 5981 քվեներով:

ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանը ևս այս անգամ  բավական ձայներ էին հավաքել, ճիշտ է ոչ այնքան, որքան 2017 թվականի Աժ  ընտրություններում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից  ամենաշատ քվեները ստացել էր Սոցապ ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Սարիկ Մինասյանը: