ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական ոստիկանությունը Լիոնում կալանավորել է հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորման անդամներին։ Խմբավորումը, որը 22 անդամ է ունեցել, գործել է Ֆրանսիայի ու Բելգիայի տարածքում։
Այս մասին հայտնում է Վրաստանի ոստիկանության պաշտոնական կայքը` նշելով, որ խմբավորման անդամները ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին Լիոնում անցկացված, «VORS 69-01» կոչվող հատուկ օպերացիայի ընթացքում։
Նրանցից երկուսը վրացի «օրենքով գողեր» են։ Կասկածյալները թալանելու համար նախապես ընտրել են թիրախային բնակարանները, մշակել հանցավոր պլանը և գործի անցել։
Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել և վաճառել թմրամիջոցներ։
Հատուկ օպերացիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի ավելի քան 300 իրավապահներ։