Դասարանը երբեք երրորդ կողմին անձնական տվյալ չի տրամադրել և չի պատրաստվում տրամադրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտես «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ՝ «Dasaran.am» կայքի կողմից երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով։
Մեր հետ զրույցում ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը պատմեց, որ ինքն այդ մասին ոչ մի ծանուցում չի ստացել. «Չգիտեմ Շուշանի (նկատի ունի Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին) անհանգստությունն ինչում է կայանում»:
Ալոյանը պատմեց նաև, որ երկու տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլին, երբ Շուշան Դոյդոյանը դեռ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարն էր, ինքն անձամբ դիմել է Դոյդոյանին, ներկայացրել իրենց գործունեության բնույթը՝ հաշվի առնելով, որ նա մի ոլորտի մասնագետ է, որը Հայաստանում նոր է զարգանում, հրավիրել է նրան հանդիպման, որպեսզի կարողանա ներկայացնել նախագիծը և գուցե մասնագիտական խորհրդատվություն ստանա:
Ըստ Սուրեն Ալոյանի՝ հրավերը մնացել էր անպատասխան: