«Ոսկու աշխարհի» անվտանգության աշխատակցին սպանել է արտադրամասի տնօրենի ընկերը

Ամռանը տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում այս ամռանը տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` դատաքննության։

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սպանության մանրամասները. լուսանկարներ

Ինչպես հայտնի է դառնում datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակված քրեական գործից, սպանության համար մեղադրանք է առաջադրվել Արտակ Աղամալյանին։

Ըստ գործի նյութերի` նա 2018թ․ հունիսի 2-ին Խորենացու փողոցում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում տեղի ունեցած կռվի ժամանակ դանակով հարվածել է տոնավաճառի անվտանգության աշխատակից Արամ Ասատրյանի կրծքավանդակին և որովայնին`դիտավորությամբ նրան զրկելով կյանքից, որից հետո փախել է դեպքի վայրից։

Հայտնի է, որ սպանության գործով դատավարությունը կվարի դատավոր Հարություն Մանուկյանը։ Առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։

Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով` նա ոսկու տոնավաճառում ոսկերչություն էր սովորում։

Հիշեցնենք` 2018թ–ի հունիսի 2-ին Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել սպանություն, որին, ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նախորդել էր առևտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղի ունեցած վիճաբանությունը։

Անվտանգության աշխատակիցների և տոնավաճառի արտադրամասերից մեկի տնօրենի միջև վեճ էր տեղի ունեցել, որին մասնակցել էին նաև տնօրենի ընկերները։ Վիճաբանության ժամանակ տնօրենի ընկերներից մեկը դանակով հարվածել է անվտանգության աշխատակիցներից երկուսին, որոնցից մեկը մահացել էր։

Սպանությունը կատարողը փախել էր դեպքի վայրից, բայց նույն գիշեր ներկայացել էր ոստիկանություն է և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ըստ ոստիկանության` դա եղել է 35-ամյա Արտակ Աղամալյանը։