Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ցանկություն հայտնել կրկին հանդիպելու

Գերմանիայի կանցլերն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է կանցլերի պաշտոնական կայքէջը։

Անհամբեր սպասում ենք. ԵՄ–ի հայտարարությունը` Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»,–գրել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ ուրախ կլիներ մոտ ապագայում կրկին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելն այս տարվա օգոստոս ամսին Հարավային Կովկաս կատարած շրջագայության շրջանակում Հայաստան էր այցելել Վրաստանից, այնուհետև մեկնել էր Բաքու։