Հայտնի է` երբ դատարանը կհայտարարի Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշումը

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին այս տարվա հուլիսին ապօրինի զենք պահելու ու զինվորականների պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 12–ին, ժամը 14:00–ին կհայտարարի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ որոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեղադրյալի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանը դատարանում վատացել է. փաստաբան

Ավելի վաղ քննչական մարմինը դատարան էր դիմել` Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, իսկ պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը։ Որպես գրավի չափ առաջարկվել է 20 մլն դրամը։

Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը որոշել է միավորել այս երկու միջնորդությունների քննարկումը։

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին այս տարվա հուլիսին ապօրինի զենք պահելու ու զինվորականների պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: