Մանվել Գրիգորյանը դատարանում վատացել է. փաստաբան

Առաջին ատյանի դատարանի նիստը հետաձգվել է։ Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանը որոշել է իր գույքը նվիրել պետությանը

Գրիգորյանի պաշտպանի կարծիքով՝ Գրիգորյանը պատշաճ բուժօգնություն չի ստացել։ «Սովորական շտապօգնություն էր։ Այնքանով, որ ուղղակի արձանագրվեց, որ օգնություն է ցուցաբերվել»,– ասաց պաշտպանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս միջադեպը հիմք հանդիսանա խափանման միջոցի փոփոխության համար, Մկրտչյանը պատասխանեց. «Եթե օրենքն աշխատի` այո, եթե ոչ`ոչ։ Մինչև այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ օրենքը չի աշխատել»,– ասաց նա։

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության վատացման պատճառով դատարանն ընդհատել է նիստը մեկ ժամով։ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ դատարանի շենքում։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատական նիստն անցկացնվում է դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում ու մեղադրվում է Զինված ուժերի զենքի ու այլ ունեցվածքի յուրացման մեջ։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Ձերբակալման պահից Մանվել Գրիգորյանը գտնվում է անազատության մեջ։ Նախաքննական մարմինը պարբերաբար դիմում է դատարան նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը ևս 2 ամիս երկարաձգելու միջնորդություններով։