Գագիկ Սուրենյանը մտահոգ է

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում խոստովանել է, որ մտահոգ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Մտահոգ եմ, ձյուն չի գալիս ու չի գալիս»։

Գրառումն ընթերցողների բուռն արձագանքների է արժանացել` ոմանք ուրախ են, որ ձյուն չկա, ոմանք էլ կիսել են Սուրենյանի մտահոգությունը։

«Մի մտահոգվեք, արեք ձեր քայլը և միշտ մեզ ջերմ լուրեր հայտնեք, թող ունենանք լուսավոր Հայաստան, ձյունն էլ չի խանգարի հանգիստ կբարգավաճենք»,–գրել է օգտատերերից մեկը։

«Ասենք թե, մի բան արեք կլասիկ ձյուն գա, գնանք համապատասխան լիժա քշելու»,–ավելացրել է հաջորդը։

Ի դեպ, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` այսօր ո՛չ Երևանում, ո՛չ էլ մարզերում ձյուն չի գալու։

Դեկտեմբերի 14-15-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` հիմնականում` անձրևի և միայն լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Երևանում ևս այս շաբաթ ձյուն չի տեղա։ Դեկտեմբերի 12-13-ը կանձրևի, մնացած օրերին կլինի առանց տեղումների եղանակ։