ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել ԱՄՆ պետդեպը։
«Ողջունելի է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ԵԱՀԿ–ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն մրցունակ են որակել, և որ թեկնածուները կարող էին հանգիստ նախընտրական քարոզարշավ անցկացնել», – հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոն։
Պետդեպը նաև հայտարարում է, որ ԱՄՆ–ն համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացությունների հետ, առ այն, որ ընտրական գործընթացը լայն հասարակական աջակցություն էր վայելում և քաղաքացիների հիմնական ազատությունները պաշտպանված էին։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ–ն փորձել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանն ու կանի դա նաև հետագայում։
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):