Ռուսաստանը զենքի արտադրությամբ երկրորդն է աշխարհում

Ռուս զինագործները 2011թ–ից հետևողականորեն ավելացրել են իրենց մասնաբաժինը շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանն իր զենքի արտադրությամբ 2000–ականների սկզբից առաջին անգամ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան

Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, Ռուսաստանը նախկինի պես հետ է մնում ԱՄՆ–ից, բայց առաջ է անցել Մեծ Բրիտանիայից։ Հետազոտության համաձայն` անցած տարի ռուսական սպառազինությունների վաճառքի ծավալներն ավելացել են 8,5 տոկոսով։ Ռուսաստանին բաժին է ընկել սպառազինությունների համաշխարհային շուկայի 9,5 տոկոսը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 398,2 միլիարդ դոլար։

SIPRI ներկայացուցիչ Սայմոն Վիզեմանի խոսքով` ռուս զինագործները 2011թ–ից հետևողականորեն ավելացրել են իրենց մասնաբաժինը շուկայում։ Միաժամանակ, «Ալմազ Անթեյ» կոնցեռնը, որը սպառազինություն է արտադրում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար, հետազոտական կենտրոնի կողմից ներառվել է աշխարհի զենքի խոշորագույն արտադրողների ցուցակում։

Զեկույցում նշվում է, որ շուկայում առաջվա պես առաջին տեղում է ԱՄՆ–ն` զենքի համաշխարհային շուկայում 57 տոկոս մասնաբաժնով։ Շուկայում խոշորագույն ընկերություն է ճանաչվել Lockheed Martin կորպորացիան։

SIPRI–ում նշում են, որ սրընթաց տեմպերով զարգանում են թուրքական զինագործական ընկերությունները։ Թուրքիան ակտիվորեն փորձում է նվազեցնել կախվածությունը սպառազինության արտասահմանյան առաքողներից։

Միաժամանակ, զեկույցում տեղեկություն չկա չինական ընկերությունների մասին, քանի որ դրանք սովորաբար տվյալներ չեն հրապարակում արտադրության տեմպերի և ծավալների մասին։