Մոլդովայի նախագահ Դոդոնին այս տարվա մեջ արդեն 5-րդ անգամ ժամանակավոր հեռացրել են պաշտոնից

Դատարանի որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել պաշտոնից երկրի նախագահ Իգոր Դոդոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դատարանի նախագահ Միխայ Պոալելունժը հայտնել է, որ ժամանակավոր հրաժարականը հիմնավորված է այն փաստով, որ Դոդոնը հրաժարվում է «կատարել սահմանադրական պարտականություններն» ու հավանություն տալ խորհրդարանի հաստատած օրենքներին։

Ընթացակարգն անհրաժեշտ է հինգ օրենքի հաստատման համար, որոնք պետության ղեկավարի հավանությանը չեն արժանացել։

«Սահմանադրության 91–րդ հոդվածի հիման վրա խորհրդարանի նախագահը որպես նախագահի պաշտոնակատար կստորագրի նշված օրենքները», – պարզաբանել է Սահմանադրական դատարանի ղեկավարը։

Դատարանի որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման։

Այս տարվա ընթացքում սա արդեն պետության ղեկավարի ժամանակավոր հեռացման հինգերորդ դեպքն է։