ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայերը ստեղծագործ ազգ են և դա հատկապես լավ է դա արտահայտվում ընտրություններից հետո։ Քաղաքացիներն անհամբեր սպասում են ոչ միայն արդյունքներին, այլ, որքան էլ տարօրինակ է հնչում, անվավեր քվեաթերթիկներին։ Այստեղ իսկապես կարելի է երևակայությանն ազատություն տալ։ Քվեաթերթիկների վրա կարելի է նկարել, իսկ ցանկության դեպքում` գրել դրանց վրա։
Հայ ընտրողներն ինչ ասես չեն անում քվեաթերթիկներն անվավեր սարքելու համար, ոմանք հայհոյանքներ են գրում, երբեմն նույնիսկ շատ կոպիտ խոսքերի կիրառմամբ, իսկ ավելի խաղաղասեր ու պակաս քաղաքականացված մարդիկ սահմանափակվում են սիրո խոստովանությամբ կամ ամուսնության առաջարկությամբ։
2015 -2017 թվականների ընտրությունների ժամանակ թրենդի մեջ էին Չակ Նորիսն ու Քիմ Քարդաշյանը։ Քվեարկող քաղաքացիները հենց նրանց էին իրական թեկնածուներին այլընտրանք համարում։ Լինում էր, որ ծրարում քվեաթերթիկի հետ վարունգ կամ որպես ընտրակաշառք ստացած թղթադրամն էր լինում։
Այն, որ այս տարվա ընտրությունները զգալիորեն տարբերվում էին նախորդներից զգացվում էր ուղիղ եթերով քվեները հաշվելու ընթացքում, երբ ընտրատեղամասերից մեկում «ես ընտրում եմ իմ ամուսնուն» գրառումով քվեաթերթիկ հայտնվեց։
Հանձնաժողովի անդամներից մեկը հիշեց, որ նախորդ տարի նմանատիպ մի դեպք, երբ քաղաքացին չէր ալարել, ընտրությունների էր եկել ու գրել էր՝ «ես ընտրում եմ իմ ապագա ամուսնուն»։
Քաղաքացիական պարտքի սուր զգացողությամբ աղջկա արարքն այնքան էր տպավորել հանձնաժողով խիստ անդամներին, որ նրանք հեռախոսով անմահացրել էին ընտրական գոհարը։ Հանձնաժողովականը ենթադրել է, որ նույն մարդու հետ գործ ունեն և աղջկա կյանքում այս տարվա ընթացքում ակնհայտորեն ընտանեկան կարգավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ու բոլորը սրտանց ուրախացան նրա համար հենց ուղիղ եթերում։
Եվս մեկ ինտելեկտուալ ընտողը որոշել էր մեջբերել ոչ ավել ոչ պակաս Սերգեյ Դովլաթովին։ Հավանաբար, չցանկանալով «փչացնել» քվեաթերթիկը, նա թողել է «կոմունիստներից հետո ամենաշատը չեմ սիրում հակակոմունիստներին» գրառումը ծրարի վրա։ Պետք է խոստովանել, որ դա հետաքրքիր միջոց է հասցնել հասցեատիրոջը բողոքի ոգին` միաժամանակ կատարելով քաղաքացիական պարտքը։
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հումորասեր երկրպագուն գրել է, որ չի գտել նրա անունը թեկնածուների շարքում ու որոշել է փոքր ուղերձ հղել։ Նման հաղորդագրությունը հաստատ անտարբեր չի թողնի նախկին պաշտոնյային։ «Սաղ սուտ են, ջանուլ, ես քեզ եմ ընտրում` 1. Գալուստ Սահակյան»։
Մեկ այլ աղջիկ, առանց սիրալիր խոսքերի, բայց մնալով էթիկայի սահմաններում, բավականին նուրբ կերպով վիրավորել է Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցության քվեաթերթիկի վրա նա գրել է. «Առը հա՛, բախտիդ մեղրով փախլավա»։
Բայց իհարկե ամենաթրենդայինն այս ընտրություններում Ֆրանկլին Ալեխանդրո Գոնսալեսի անունն էր։ Անվավեր քվեաթերթիկներում ամենաշատը նշում էին հենց այդ անունը։ Հենց այդ անվանման տակ էին Պրահայում հայտնաբերել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկին` Նարեկ Սարգսյանին։ Սրամիտ, բայց ոչ այդքան օրիգինալ քաղաքացիները չէին կարող չօգտվել ճակատագրի նման նվերից։
Մի օգտատեր էլ, որը հայտնի է Դանիել Մաստուրբ անունով, իր իսկ անունով քվեաթերթիկ էր նվեր ստացել։ Նա միանգամից պատմել էր հանրությանն իր զվարճալի պատմությունը։ Նրա խոսքով` քվեաթերթիկի լուսանկարը նրան ուղարկել էր իր «փոքր դեսպանը»։ Օգտատերը խոստովանում է, որ նման թրոլինգը ոգևորում է իրեն։
Վերջում նշենք, որ քաղաքացիների ինքնադրսևորման բուռն ցանկությունն ակտիվանում էր հատկապես Հայաստանի նախորդ իշխող կուսակցության` ՀՀԿ–ի քվեաթերթիկները տեսնելիս։