ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները մեծ առաջընթաց արձանագրեցին թափանցիկության ու կազմակերպման մակարդակի առումով։ Գրեթե միաձայն նման կարծիք են հայտնում միջազգային դիտորդական առաքելությունների ու փորձագիտական հանրության ներկայացուցիչները։ Ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի մոտ մարդիկ չտեսան սովորական դարձած մարդկային կուտակումներ, քաղաքական ուժերը գումար չէին բաժանում, չկային կրկնակի քվեարկություն ու ընտրակեղծիքներ։ Սակայն աչքի էր ընկնում ընտրողների ցածր մասնակցությունը։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` այս ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու գործոնը բացակայում էր, ինչն էլ ընտրողների պասիվության պատճառներից մեկն է։ Փորձագետը կարծում է, որ երբ առանձնապես խթան չկա, իսկ հետհեղափոխական էյֆորիան էլ մարած է, շատերի համար իմաստ չունի ընտրության գնալը։
«Էյֆորիան զգալիորեն մարել է։ «Թավշյա հեղափոխության» հետ հույսեր կապող մարդիկ քչացել են։ 48% մասնակցությունը վկայում է, որ մարդիկ ոչ միայն հիասթափվել են ներկայիս իշխանությունից, այլև նրանց չեն դիտարկում որպես այլընտրանք», – նշեց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա կարծում է, որ այն իրավիճակում, երբ մարդկանց զանգվածային կերպով ընտրատարածքներ չեն տանում, երբ «մեռյալ հոգիները» չեն քվեարկում ու չի աշխատում «կառուսելի» սկզբունքը, հայտը ցածր կլինի։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ուր է այն մարդկանց ոգևորությունը, որոնք դեռ գարնանն այդքան աջակցում էին Փաշինյանին։
Երեկվա ընտրությունները նախորդներից առանձնանում էին նրանով, որ ակնհայտ ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն էր։ Երբ իշխող կուսակցությունը Հանրապետականն էր, նրանք երբեք 70% քվե չէին ստանում։ Ավելին` 2007 թվականին ՀՀԿ–ն միայն 26% էր ստացել։
Բոզոյանը նշում է` որքան էլ այս ընտրությունները եզակի էին, չկա երաշխիք, որ հինգ տարի անց դրանք նույնքան ազնիվ ու ժողովրդավարական կլինեն։
«Հիմա Փաշինյանի վարկանիշը բարձր է, նա կարող էր հանգիստ ընտրակեղծիքներ չանել։ Բայց որտե՞ղ է երաշխիքը, որ հինգ տարի անց նա նույն կերպ կվարվի, երբ նրա վարկանիշն այսօրվանից շատ ավելի ցածր լինի։ Քանի որ ցանկացած իշխանության վարկանիշը ժամանակի ընթացքում ընկնում է, դա օրինաչափություն է», – բացատրում է քաղաքագետը։
Նրա խոսքով` իշխանությունը մինչ այժմ չի ներկայացրել բարեփոխումների համալիր փաթեթ, որի իրականացումը թույլ կտար հույս ունենալ, որ ընտրական համակարգը կբարելավվի, ժողովրդավարական ինստիտուտները կամրապնդվեն, իշխանությունը կփոխվի ընտրությունների, այլ ոչ թե ցնցումների միջոցով։ Դեռ հիմքեր չկան ենթադրելու, որ հաջորդ ընտրությունները նույնքան ազնիվ են կլինեն։
Բոզոյանը հիշում է, որ 1990 ու 1991 թվականներին Հայաստանում արդար խորհրդարանական ու նախագահական ընտրություններ արդեն գրանցվել են։ Սակայն 4–5 տարի անց արդեն Լևոն Տեր–Պետրոսյանի վարկանիշից ոչինչ չէր մնացել, արդյունքում 1996 թվականի նախագահական ընտրությունները կոպիտ խախտումներով անցան ու հետո զանգվածային բողոքի ակցիաների վերածվեցին։
Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։