ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
«Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ»,–ասել է նախագահը:
Նա հիշեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: «Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին»,–նշել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը ընդգծել է, որ հայրենիքը հզորանում է բոլորի ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:
Դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):