ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի կրտսեր որդի` Նիկոլյան, քվեարկել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը։ Նա լուսանկարել է, թե ինչպես է Նիկոլյան քվեաթերթիկը տուփի մեջ գցում։
«Նիկոլյան երկքաղաքացիություն ունի` ֆրանսիական ու հայկական։ Նա քվեարկել է ընտրություններում, որում հաղթել է Նիկոլ Փաշինյանը` թավշյա հեղափոխության հերոսը», – գրել է Էքյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրություններ են անցկացվել։
Նիկոլյա Ազնավուրը հաճախ է լինում Հայաստանում, կազմակերպում է Երևանում Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի աշխատանքը։ Վերջերս նա հայտնել է, որ պատրաստվում է հիմնվել Հայաստանում։