Հայաստանը Թուրքիայի հետ պատրաստ է հարաբերվել առանց նախապայմանների. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների։ Այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,– ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։

«Մենք այդպես էլ կշարունակենք». Էրդողանն ասել է` ինչպես են իրենք վերաբերվում հայերին

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցված են 1993թ.–ից, երբ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է միջպետական սահմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ ձեռնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 2008թ.–ին` Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով, ինչի առիթով այդ նախաձեռնությունը ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը։

2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվեց արձանագրություն` երկու երկրների միջև առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Թուրքիայի կողմից 10 տարի շարունակ չստորագրված արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին միայն 2018 թվականի մարտի 1-ին։