ՌԱԴԻՈ

Սուրենյան. ««Իմ քայլը» դաշինքին ձեռնտու կլինի, որ իրական ընդդիմադիր ուժեր լինեն ԱԺ–ում»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ազգային ժողովի ընտրության արդյունքի և քվեարկության պասիվության պատճառի մասին։
Sputnik
Սուրենյան. ««Իմ քայլը» դաշինքին ձեռնտու կլինի, որ իրական ընդդիմադիր ուժեր լինեն ԱԺ–ում»

«Իմ քայլը» դաշինքին ձեռնտու կլինի, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն իրապես ընդդիմադիր ուժեր դառնան Ազգային ժողովում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Դա միակ երաշխիքն է, որ մենք խուսափենք նոր իշխանության ավտորիտար միտումներից։ Որովհետև ցանկացած իշխանություն, լինի հեղափոխության ճանապարհով եկած, թե հերթական ընտրության միջոցով ընտրված, եթե իր ներսում և քաղաքական համակարգում չի ունենում դեմոկրատական այլընտրանք, հակակշիռներ, շատ շուտ հակվում է անարդյունավետ որոշումների կայացման, առաջանում է սխալվելու հակում»,– կարծում է քաղաքագետը։

Լռությունը խախտած թեկնածուներ, կեղծ լրագրողներ. դիտորդներն ամփոփել են խախտումները

Սուրենյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արհեստական կոլաիցիաների գաղափարից հրաժարվելու են։

«Իսկապես պետք չէ գնալ արհեստական կոալիցիաների, արհեստական համաձայնությունների, պետք է ձևավորել իրական քաղաքական դաշտ։ Նույնիսկ «Իմ քայլը» պետք է նպաստի, որ ԲՀԿ–ն ու «Լուսավոր Հայաստանը» դառնա իրապես ընդդիմադիր ուժեր։ Սա պետք է քաղաքական համակարգի առողջացման, խորհրդարանի ինստիտուտն արժևորելու համար։ Եթե ԱԺ–ում չունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն, քաղաքական միտքն աստիճանաբար դուրս կմղվի խորհրդարանից, ինչը դարձյալ լարվածություն կառաջացնի փողոցում»,– ասում է նա։

Սուրենյանի կարծիքով` ԱԺ ընտրության քվեարկության ժամանակ ընտրողները շատ պասիվ չեն եղել։

«Մի քանի հանգամանք կա, նախ` ընտրությունը մրցակցային չէր, պայմանական ասած` ձանձրալի էին, կանխատեսելի հաղթողով, բոլորը գիտեին, որ իշխանության հարցը լուծված է։ Իսկ մեր հասարակությունը, բոլորս գիտենք, որ ընտրությունը բացառապես պայմանավորում է իշխանության ձևավորման հանգամանքով»,– ասում է նա։

Ըստ քաղաքագետի` եթե այդ հարցը կանխորոշված է, ընտրության հանդեպ հետաքրքրությունը թուլանում է։