ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. 7-րդ գումարման խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն 88 մանդատ կունենա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա հաշվարկներով` «Լուսավոր Հայաստանը» 19 մանդատ կունենա, ԲՀԿ–ն` 25։ Ընդհանուր առմամբ` խորհրդարանում 132 պատգամավոր կլինի։
ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է մանդատների բաշխման սկզբունքը։ Նրա խոսքով` նախևառաջ ընտրվում են 5% կամ 7%–անոց շեմը հաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները։ Այնուհետև ԸՕ–ով սահմանված 105 մանդատները` ստացած ձայներին համապատասխան, համամասնաբար բաշխվում են կուսակցությունների միջև։ Դրանց կեսը կգնա ռեյտինգային ցուցակին, մյուս կեսը` համամասնականին։
«Ռեյտինգային ցուցակներով ևս բանաձև է գործում։ Սկզբում պետք է պարզել յուրաքանչյուր ընտրական շրջանի մանդատների քանակը։ Որից հետո պետք է որոշել, թե կուսակցություններից որը որքան մանդատ է ստանում յուրաքանչյուր ընտրատարածքից, միայն դրանից հետո կորոշվեն այն թեկնածուները, որոնք պետք է մանդատ ստանան։ Իսկ նրանք որոշվում են ստացած ձայներին համապատասխան», – հայտարարեց Մուկուչյանը` ավելացնելով, որ ԿԸՀ–ն դեռ չի ամփոփել արդյունքները։
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):