Հուսով եմ` այդ ժամանակ ևս ասելիք կունենաս. Ռոբերտ Քոչարյանի որդին դիմել է Սերժին

ՀՀ երկրորդ նախագահի որդին պատասխանել է հանրահայտ երգչին, որին ուրախացրել է Քոչարյանի կալանավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, կարդացել է Սերժ Թանկյանի գրառումը և պատասխանել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլև վրաններում՝ Փամբակի լեռներում. Լևոն Քոչարյան

«Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք, ի դեպ, ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր: Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով` հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Թանկյանը երեկ` դեկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ուրախ է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է:

ՀՀ երկրորդ նախագահի որդին հիշեցրել է, որ մի քանի անգամ ճաշել է Թանկյանի հետ, և նրանք տարբեր հարցեր են շոշափել։

«Կարծում եմ` ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը, ի դեպ, հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես: Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրությունից: Ժամանակը, իհարկե, կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս»,– նշել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորեցին դեկտեմբերի 7-ին։

Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։ Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։ Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից: Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։