Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին

Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ։ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է հավաքել բացառիկ համալիրի մասին։ Sputnik Արմենիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում Գեղարդի վանական համալիրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Եթե Իտալիայում բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, ապա Հայաստանում` Գեղարդի վանական համալիր։ Իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշվել է Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) շնորհելու վերաբերյալ։ Նման հուշարձանները վնասելու համար ՅՈՒՆԵՍԿՕ–ն պահանջում է սահմանել քրեական պատասխանատվություն։

Հորդանանի արքայադուստրը հիացավ Գառնու տաճարով ու Գեղարդի վանքով

Դրա հետ կապված` Sputnik Արմենիան ներկայացնում է մի քանի փաստ այս կառույցի մասին։

Հայաստանում երկու Գեղարդ կա։ Մեկը 4-րդ դարի Գեղարդավանքն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ հայկական միջնադարյան վանական համալիրի բացառիկ պահպանվածության և խաչքարերի հարուստ հավաքածուի շնորհիվ։

Երկրորդը Լոնգինի գեղարդն է։ Սուրբ գեղարդը 1-ին դարում Հայաստան է բերել Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Թադևոսը։ Հարյուրամյակներ շարունակ այն պահվել է Այրիվանքում (Գեղարդի վանք) և միայն 1760թ.-ին տեղափոխվել Էջմիածին։

Գեղարդի վանքում զբոսաշրջիկների պակաս երբեք չկա։ Նրանք գալիս են տեսնելու Հայաստանի հնագույն վանքերից մեկը, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի:

Հրաշագործ Սուրբ գեղարդի անցած ճանապարհն ու այսօրվա հանգրվանը

Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորության վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռը վանքի ամենահին հուշարձանն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ.)։

Նշենք, որ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը 2000թ.-ից թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում` հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

«Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ:

Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: