Շատերը կուզեին` Հայաստանի պես լիներ. արևմտյան դիտորդները արդար ընտրություն են արձանագրել

Միջազգային դիտորդները նշել են, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունն անցել է առանց խախտումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրությունն արդար էր և արտացոլում էր քաղաքացիների կամքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկին։

«Եղել են քաղաքական բանավեճեր, ընտրությունն անցել է ազատ մթնոլորտում։ Որոշակի մտահոգություն էր առաջացրել ընտրության ֆինանսավորման կարգը, որն անհավասար պայմաններ էր ստեղծել։ Սակայն ընտրակաշառք և ճնշումներ չեն եղել։ Քաղաքական ուժերը հավասար մրցակցության հնարավորություն են ունեցել», – ասաց նա։

Դիտորդները նշեցին, որ Ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Շարքային քաղաքացիներից շատերը, որոնց հետ զրուցել են ԵԱՀԿ ներկայացուցիչները, նույնպես վստահեցրել են, որ ընտրությունն անցել է ազատ և թափանցիկ։

«Մեր դիտորդներից շատերը կցանկանային, որ քաղաքական կուսակցությունների առաջնորդների միջև նման բանավեճեր անցկացվեին իրենց երկրներում։ Հայաստանի այսօրվա ղեկավարությունն ապացուցեց ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու իր կամքը։ Ընտրությունը լրացուցիչ էներգիա հաղորդեց Հայաստանին», – նշեց Օսուսկին։

Նա դրական համարեց նաև այն փաստը, որ ընտրողները վստահում են քվեարկության արդյունքներին։ Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է հետագայում շարունակի այս դրական փոփոխությունները։ Ըստ Օսուսկիի` նախկինում իրավիճակը մեկ նախադասությամբ էր բնութագրվում` հույս չկա։ Մասնավոր զրույցների ժամանակ այդ մասին էին ասում նաև ՀՀ քաղաքացիները։ Երեկ Օսուսկին անձամբ համոզվել է, որ հույս կա։

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ Նագիմա Լանջրին իր հերթին ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կցանկանար ավելի մեծ ակտիվություն տեսնել կանանց շրջանում։

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդ տեղում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):