Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական դիմագծի. ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել

Դաշնակցությունը խոսել է Ազգային ժողովի ընտրություններում պարտվելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Այս մասին նշված է ՀՅԴ–ի տարածած հայտարարության մեջ։

ՀՀ նոր խորհրդարանում 44 ընդդիմադիր պատգամավոր կլինի. Արմեն Բադալյան

«Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը։ Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման, Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»,– նշել են դաշնակցականները:

Ըստ ՀՅԴ–ի` կարճատև քարոզարշավը կարևորվել է նրանով, որ իրենք ստացել են իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի իրենց պայքարին:

«Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ»,– նշված է հայտարարության մեջ։

«Լուսավոր Հայաստանը» պայքարելու է բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դեմ

ՀՅԴ–ն վստահ է, որ ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները ՀՅԴ–ի հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էին խոսում, ահազանգում դաշնակցականները:

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության նախնական արդյունքների համաձայն` «Իմ քայլը» ստացել է ընտրողների քվեների 70,44%–ը, «Բարգավաճ Հայաստանը»` 8,27%–ը, «Լուսավոր Հայաստանը»` 6,37%–ը։