ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն:
Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակում է արել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին ֆակտոր.am-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար»:
Հիշեցնենք, որ մինչ ԱԺ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրած ահազանգերից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերել են ԶԼՄ-ներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներին, 37-ը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացրած ահազանգերը կամ հաղորդումներն են եղել և մեկ գրություն գլխավոր դատախազին է ուղարկվել է ԿԸՀ նախագահի կողմից: