Ոստիկանությունը խախտումների մասին ավելի քան հարյուր հաղորդագրություն է ստացել

Խոսքը նույնականացման սարքերի խափանումների, ընտրատարածքների մոտ քաղաքացիների կուտակումների, մեքենաների կուտակումների մասին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում գրանցվել է ընտրական խախտումների վերաբերյալ 144 հաղորդում: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ և տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:

«08:00–ից  20:00  ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է 144 հաղորդում, Երևանում՝ 36, մարզերում՝ 108: Դրանցից 58-ը հանցագործությունների մասին», – ասաց նա։

Հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազությունը, մեկը՝ քննչական կոմիտեի Արարատի քննչական վարչություն: Խոսքը նույնականացման սարքերի  խափանումների, ընտրատեղամասերում քաղաքացիների ու մեքենաների կուտակումների մասին է։

Հաղորդագրությունների մի մասը Քննչական կոմիտե ու ռազմական ոստիկանություն են փոխանցվել։

Սարգսյանը պարզաբանեց, որ ոստիկանությունը ստուգում է հաղորդագրությունների մի մասը։