ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում ընտրություններն այս պահին նորմալ են ընթանում: Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարզի ընտրական գործընթացը համակարգող թվով 4 ԸԸՀ –ները (Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով) բողոք կամ դժգոհություն չեն ստացել, թեև փաստում են նախորդ՝ 2017 թվականի ընտրությունների համեմատ գործընթացը դեռ պասիվ է:
Ընտրատեղամասեր այցելած քաղաքացիները Sputnik Արմենիային ասացին` ընտրության են եկել իրենց ընտրական պարտքը կատարելու և հանուն Հայաստանի ապագայի:
Գյումրու թիվ 32/32 ընտրատեղամասում ընտրության եկած 90-ամյա Միխայել Գրիգորյանը նշեց. «Բոլոր ընտրություններին եկել ու մասնակցել եմ, այս անգամ էլ եկել եմ հանուն լավ երկրի: Ով դեռ չի եկել, թող գա ու ընտրի՝ հանուն մեր ազգի: Կընտրենք մեր գիտեցած լավերին»,- ասում է Միխայել պապը:
Ժորա Գյունաշյանն առաջին անգամն էր մասնակցում ընտրություններին: Նրան, մյուս 18 տարին բոլորած ու արդեն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների պես, թիվ 31/32 կենտրոնի նախագահը հանձնեց խորհրդանշական կրծքանշանը: «Առաջին անգամ եմ եկել ընտրության: Եկել եմ, որ իմ ձայնը տամ իմ թեկնածուին: Ուզում եմ, որ արդար ընտրության լինի: Ընտրում եմ հանուն մեր երկրի լավ ապագայի»:
Մարզի տարածքում գործընթացը կարգավորվում է թվով 4 ԸԸՀ-ի կողմից։ Մարզում, ընդհանուր առմամբ, գործում է 220 ընտրատեղամաս: Ըստ տվյալների` մարզում կա 234.004 ընտրող, Գյումրիում՝ 123.932: