Շարքո՞վ, թե՞ կարգով. ՊՆ–ն պարզաբանում է «թեժ գծով» ստացված ահազանգերը

Պաշտպանության նախարարությունում գործող «թեժ գիծը» տասնյակ ահազանգեր է ստացել զինծառայողների քվեարկության իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ։ Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ժամը 17։00–ի դրությամբ ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացվել է 39 զանգ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ դրանք հիմնականում վերաբերել են ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:

«Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար, և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը չի կարող շարային կարգ համարվել և այլընտրանք չունի»,– գրված է պարզաբանման մեջ։

Ըստ Հովհաննիսյանի` քանի որ զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվեարկողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմել, տպավորություն է ստեղծվել, թե նրանք շարային կարգով են շարժվում։

««Շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես շարքում կանգնած»,– գրում է ՊՆ խոսնակն ու հիշեցնում, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է և կատարվում է զինծառայողների կողմից։

ՊՆ «թեժ գիծը» շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը: