Հարցումները գուժում են, բայց չեն իրականանում. Ռուստամյանը վստահ է` ՀՅԴ–ն ԱԺ–ում կլինի

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը խոսել է ընտրությունից ունեցած սպասումների, հարցումների ու Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ժամանակը քիչ էր, ասելիքը` շատ։ Այսօր, ընտրական տեղամասում, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքը, ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։

Հարցին, թե հանուն ինչի է իր ընտրությունն իրականացրել, Ռուսատամյանը պատասխանեց. «Մեծ հույսով ու հավատով, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների, որ ժողովուրդը չհիասթափվի ու ունենա այն Հայաստանը, որն ուզում է ունենալ»։

Փաշինյանը կնոջ և դստեր հետ է գնում քվեարկության. լուսանկար

Իսկ հարցումներին, որոնց համաձայն, ՀՅԴ–ին չի հաջողվելու հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Ամեն անգամ, իմ հիշած բոլոր ընտրություններից առաջ, հարցումները գուժել են, որ ՀՅԴ–ն խորհրդարան չի մտնելու, բայց արդյունքներն այլ բան են ցույց տվել։ Հիմա էլ այդ հարցումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»,– ասաց նա

Ընտրություններից հետո, խորհրդարանում հայտնվելուց հետո ՀՅԴ–ն, Արմեն Ռուստամյանի խոսքով, կոալիցիա չի կազմի, քանի որ կուսակցությունը որոշում է կայացրել այլևս երբեք չմասնակցել որևէ կոալիցիայի, որտեղ իրենք վճռական խոսք չեն ունենալու։

Քոչարյանի կալանավորման վերաբերյալ լրագրողների հարցերին, Ռուստամյանը պատասխանեց, որ ուշի ուշով հետևելու են ու ժամանակի ընթացքում իրենց գնահատականը կտան։

«Մեծ հնչեղություն ու նշանակություն ունի այս քննությունը, ու ամենամեծն է լինելու ՀՀ դատական համակարգում»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե նախորդ անգամ ՀՅԴ–ն հայտարարություն արել էր ու հայտնել իր կարծիքը, Ռուստամյանը նշեց, որ իրենց հայտարարությունը բացառապես դատական համակարգի անկախությանը մտահոգության մասին էր։ Այս անգամ չեն խոսել ընտրական գործընթացով պայմանավորված։

«Ովքեր մեղավոր են, պիտի պատասխան տան` անկախ իրենց դիրքից ու պաշտոնից»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։