Մուկուչյան. «Տեխնիկական խափանումներ են գրանցվել»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն առաջին տվյալներն է հրապարակել արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ։
Sputnik
Մուկուչյան. «Տեխնիկական խափանումներ են գրանցվել»

Առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա հայտնեց, որ 465 քաղաքացի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2 –ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային կարգով արդեն իրականացրել են իրենց ընտրությունը։ Դրանց արդյունքները, սակայն, կբացվեն ու կամփոփվեն այսօր 20։00-ից հետո։

Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Մուկուչյանը հայտնեց, որ հանրապետության 2010 տեղամասերից 5–ում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք տեղում լուծվել են համապատասխան մասնագետների կողմից։

ԿԸՀ նախագահի տվյալներով` ընտրությունները դիտարկում են 505 միջազգային և 17 813 տեղական դիտորդներ։

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 70 ԶԼՄ–ի 1700 հայաստանցի և 80 արտասահմանցի լրագրող։

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 592 486 է։

Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված է 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ողջ տարածքում գործում է 2010 տեղամաս, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։

ԿԸՀ նախագահը խոստացավ 3 ժամը մեկ ամփոփել ընտրական գործընթացի ընթացքը, իսկ դրանց արդյունքների ամփոփումը և առաջին տվյալները կհրապարակվեն կեսգիշերին ու դրանից հետո։