Նիկոլ Փաշինյանը մտահոգված է. նա կոչով դիմել է քաղաքացիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը մտահոգ է ընտրողների ցածր մասնակցությամբ։ Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակման միջոցով։

Սերժ Սարգսյանը գնացել է քվեարկության

«Առնվազն ժամը 11։00–ին դրությամբ նախորդ` 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է։ Սա, իհարկե, բացատրվում է նրանով, որ ինչպես 2017–ի, այնպես էլ դրան նախորդած ընտրությունների ժամանակ գազելները և ավտոբուսները հանվում էին իրենց առօրյա, սովորական գծերից և մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր` ձեզ հայտնի մեխանիզմների կիրառմամբ։ Հիմա նման մեխանիզմներ չի կիրառվել և չի կարող կիրառվել։ Հույս ունեմ, որ կիրակի է, մարդիկ իրենց կիրակնօրյա ռեժիմով կարթնանա, սուրճ կխմեն և կգնան ընտրական տեղամասեր»,–վստահություն է հայտնել Փաշինյանը։

Վստահության հետ մեկտեղ, վարչապետի պաշտոնակատարը հարկ է համարել ևս մեկ անգամ հիշեցնել և ընդգծել ընտրատեղամասեր գնալու և քվեարկությանը մասնակցելու կարևորությունը։ «Հույս ունեմ, որ ՀՀ ընտրող քաղաքացիները անպայման կգնան ընտրատեղամասեր և կկատարեն իրենց ընտրությունը` այսպիսով իրենց նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության, ազատ խոսքի, ժողովրդավարական ընտրությունների կայացմանը։

Հարցումները գուժում են, բայց չեն իրականանում. Ռուստամյանը վստահ է` ՀՅԴ–ն ԱԺ–ում կլինի

Մի բանում կարող եք չկասկածել` ընտրությունների արդյունքները ձևավորվելու են բացառապես ձեր կատարած քվեարկությամբ, որևէ ձայն չի կորելու, չի փոշիանալու։ Եթե որևէ մեկը նման բան անի, խստագույնս կպատժվի»,–հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել։

Հիշեցնենք, որ ժամը 11:00-ի դրությամբ, ԿԸՀ տվյալներով, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 7.76 տոկոսը։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։