Շիրակի մարզպետը հերքում է իր դեմ ուղղված բողոքները

Շիրակի պարզում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր եղել են, բայց մարզպետը վստահեցնում է, որ դրանից ոչ մեկը չի հաստատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը նաև առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել օրենքի ամբողջ խստությամբ, եթե իրեն ուղղված բողոքները ներկայացվեն փաստերով։ Նա այսօր` դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո այս մասին ասաց լրագրողներին։

Օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հայտնել էր, որ մարզպետն օգտագործում է վարչական ռեսուրսները։ Օսիպյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր պարզել հանգամանքները։

«Ես հանդիպումներ ունեցել և պարբերաբար ունենում եմ գյուղապետների հետ, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, որևէ պարտադրանք կամ ստիպում չկա: Ես արձակուրդի մեջ եմ և որևէ լծակ չունեմ: Եթե նման հայտարարություն են անում, ապա պետք է օրենքը կարդան և տեսնեն ` արդյոք մարզպետը իրավասու է որևէ մեկին ստիպել աշխատել կամ քվեարկել իր օգտին: Բացի այդ, հաղորդում է տրված, և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- լրագրողներին ասաց Սաուրխանյանը։

Մարզպետը նշեց նաև, որ այսօր Ազգային ժողովի ընտրությանը քվեարկել է հանուն երջանիկ անհատի, հոգատար հանրության ու հզոր պետության: Շիրակի մարզպետը Գյումրու «Լիլիթ» նախակրթարանում տեղակայված թիվ 30/39 տեղամաս էր եկել որդու` 1.4 տարեկան Հակոբի հետ:

18 և 90–ամյա ընտրողները՝ հանուն Հայաստանի ապագայի. Շիրակում ընտրությունները պասիվ են

Սարուխանյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը նորմալ է ընթացել` առանց արտառոց խախտումների, եղել են տեխնիկական փոքր հարցեր, որոնք ընտրությունների վրա որևէ ազդեցություն չեն թողնում:

Շիրակի մարզում ոստիկանական հավելյալ ուժերի կուտակումների վերաբերյալ հարցին ի պատասխան մարզպետն ասաց. «Մենք խոստացել ենք, որ իրականացվելու են ազատ, թափանցիկ ընտրություններ, և եթե ուժերի կուտակումներ էլ լինեն, դա բնական է, որ ընտրական գործընթացն ավելի լավ լինի ու խախտում չլինի»:

Մարզպետը նաև տեղեկացրեց՝ լինելով «Իմ քայլը» դաշինքի պատասխանատուն Շիրակում, ընտրակաշառքի վերաբերյալ լուրջ դեպք չի նկատել: «Ահազանգեր եղել են, բայց ոչ մեկը իրականությանը չի համապատասխանել այս պահի դրությամբ: Մենք ահազանգի դեպքում արագ արձագանքել ենք ու տեղեկացրել իրավապահ մարմիններին՝ անկախ նրանից, թե դա որ ուժին է վերաբերում»:

Շիրակի մարզի տարածքում գործում է 220 ընտրատեղամաս: Ըստ տվյալների մարզում կա 234.004 ընտրող, Գյումրիում՝ 123.932: