ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի ընտրության քվեարկության ժամանակ խախտումներ են արձանագրվել, եղել են նաև «արջի ծառայություններ մատուցող անձինք: Այսօր 23/03 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Բոլոր տեղամասերում դուք կարող եք ականատես լինեք՝ վախի մթնոլորտ է: Արդեն բավականին արձանագրվել են խախտումները, քվեաթերթիկների խախտումներն ըստ հերթականության: Որոշ տեղերում համար մեկ քվեաթերթիկը բացակայել է քաղաքացիների ընտրելուց: Դրանք անթույլատրելի բաներ են: Այդ արջի ծառայությունը, որ որոշ մարդիկ մատուցում են, պարզապես ստվեր են գցում մեր ընտրությունների վրա»,– ասաց նա։
ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։