Զվարճալի դեպք Երևանի ընտրատեղամասերից մեկում. «Եկել եմ՝ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ»

Տատիկը չի իմացել՝ ինչպես ընտրի, և հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված Երևանի 9/40 ընտրատեղամաս եկած տատիկը չի իմացել՝ ինչպես ընտրի, և հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին։ Այս մասին հայտնում է 24news.am–ը։

Հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին:

Քաղաքացիներից մեկին հանձնաժողովը գրանցել է որպես օգնող ու փորձել է օգնել կնոջը։ Նրանք մոտեցել են քվեախցիկին, օգնող քաղաքացին ներկայացրել է, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, թվարկել՝ ովքեր են, բայց տատիկը ասել է, որ չի եկել ընտրելու, եկել է ասելու, որ սիրում է բոլորին։

«Եկել եմ՝ բոլորին ասեմ, որ սիրում եմ», - ասել է նա։

Հանձնաժողովի անդամների բնորոշմամբ՝ քաղաքացին համարվեց չկողմնորոշված և նրան օգնող գրանցված անձի օգնությամբ ծրարը դատարկ գցեցին քվեատուփ։

Կինը, բոլորին օրհնելով, հեռացավ ընտրատեղամասից։