ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրության ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը:
«Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով ընտրությունների ընթացքը դիտարկում են 77 այցելու»,- ասաց Գևորգյանը:
Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ զեկույցների միջոցով, որոնք էլ կհրապարակվեն ԿԸՀ կայքում: