ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։ Նա նախ խոսեց անգլերեն, հետո նույնը կրկնեց հայերեն։ Մինչ ընտրության վերաբերյալ իր խոսքն ասելը նա կատակեց. «Ո՞ր բարբառով ասեմ։ Գյումրո՞ւ»։ Sputnik Արմենիայի լրագրողը հուշեց. «Լոռու բարբառով»։ Սարգսյանը պատասխանեց. «Լոռվա բարբառը շատ հեշտ է. «Անձրև է գալիս դրսո՛ւմը»,– ժպտաց նա։
Հետո ՀՀ նախագահն անդրադարձավ ԱԺ ընտրությանը։
«Ժողովուրդն այսօր իր կամքը պետք է արտահայտի, ուստի սա իսկական տոն է։ Կարծում եմ, որ ամեն մեկն այս տոնը կնշի ընտրատեղամաս այցելելով։ Հույս ունեմ, որ այս ընտրությունը կլինի ազատ և արդար։ Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և իր ընտանիքի մասին և դատի իր խղճով, մտածի այն պատասխանատվության մասին, որը կրում են բոլորը»,– ասաց նա։
ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։
Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։