Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության

ԱԺ խոսնակը խորհրդարան անցնող ուժերին մաղթեց պահպանել այն արժեքները, ինչի համար իրենք մինչ այսօր պայքարել են
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Նա Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը մասնակցեց թիվ 4/53 ընտրատարածքում:

Կոալիցիա չի կազմվի. Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

«Ես ընտրեցի նաև հանուն մեր ժողովրդի բարեկեցության»,- լրագրողներին ասաց Բաբլոյանը:

Նա խորհրդարան անցնող ուժերին մաղթեց պահպանել այն արժեքները, ինչի համար իրենք մինչ այսօր պայքարել են։

«Ես կարծում եմ, որ մեր հիմնական նպատակը պետք է լինի մեր երկրի և Արցախի անվտանգության ապահովումը, ժողովրդավարությունը, որ մենք այս պահին ունենք, ավելի զարգացնելն ու ամրապնդելը, այն արժեքները պահպանելը, ինչի համար մենք մինչ հիմա պայքարել ենք»,- նշեց Բաբլոյանը:

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։