Այսօր այն վաղն է, որին այդքան սպասում էինք. հայտնի հայերը` ԱԺ ընտրությունների մասին

Հայտնի արտիստները քվեարկելուց հետո գրառումներ են արել սոցցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի հայերը քաղաքացիներին կոչ են անում մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը։ Թավշյա հեղափոխության ակտիվիստներից մեկը` The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը, քվեարկել է երևանյան ընտրատեղամասերից մեկում։

«Այսօր այն վաղն է, որին տարիներ սպասում էինք: #Vote #ArmeniaVotes #NewArmenia #FirstFreeAndFairElections», – Facebook–ի իր էջում գրել է նա։

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, թեև չի ապրում պատմական հայրենիքում, բայց նույնպես գրել է Ազգային ժողովի ընտրության մասին։

«Բարի քուէարկութիւն իմ Հայաստան ❤ բարի և արդար բնորոշում կը մաղթեմ մեր բոլորի համար #VoteArmenia», – գրել է աղջիկը։

Դերասան, գրող ու պրոդյուսեր Սոս Ջանիբեկյանն էլ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որում նա ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում։

«Այն օրը, երբ բռնեցին պարոն Փաշինյանին, այդ օրը ես արեցի իմ քայլը: Այսօր ես կրկին անում եմ ԻՄ ՔԱՅԼԸ», – գրել է նա։

Հանրահայտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը գրեթե երկու միլիոն բաժանորդ ունի Facebook–ում, նույնպես անդրադարձել է Ազգային ժողովի ընտրության թեմային։

«Հպարտանում եմ իմ հայ քույր-եղբայրներով, որոնք գնալու են ընտրատեղամասեր ու ժանգոտած, անարդար, կոռումպացված ռեժիմից իրենց ազատելուց հետո քվեարկելու են նոր խորհրդարանի համար»,- գրել է Թանկյանը:

Նա նշել է նաև, ու «հայ ժողովուրդը ցանկանում է ու արժանի է նախկինում իրագործված անարդարությունների համար արդարության հաստատման: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Երաժիշտը նաև նշել է, որ պաշտոնավարման ընթացքում միլիարդատեր դարձած նախագահները ոչ թե հայրենասեր են, այլ կոռումպացված: Հայկական հեղափոխությունն ու նոր ճանապարհը վառ օրինակ են` ինչպես երկիրը կարող է խաղաղ կերպով անցնել առաջընթաց ու էլիտար հասարակության», – կարծում է երգիչը։

Թանկյանի խոսքով` Հայաստանը դեռևս շատ աշխատանք ունի անելու, հատկապես` տնտեսության ոլորտում:

Հիշեցնենք, որ երգիչը մայիսի 7–ին Հայաստան էր ժամանել ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտրության նախաշեմին։ Նա հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների համար երգել էր «Բարի արագիլը»։