ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հաստատել է, որ իր երկիրը մտադիր է արագացնել ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանական կողմը հաստատում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելն արագացնելու գործընթացն ապահովելու մտադրությունը», – նախարարի ասածը լրագրողներին է փոխանցել հանդիպման մասնակիցներին մեկը։
ԵԱՏՄ երկրներն ու Իրանը 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։