Դեկտեմբերի 7–ին նա դարձել էր 7 տարեկան. անավարտ ծննդյան օր Սպիտակում

Երկրաշարժից հետո նրան տեսել էին մոր աշխատանքի վայր վազելիս, բայց հետո հետքերը կորել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակից Ալվինա Մակարյանը 1988թ–ի դեկտեմբերի 7–ին դարձել էր 7 տարեկան, բայց նրա ծննդյան օրը չհասցրեցին նշել. Երկրաշարժը չթողեց։

1988-ի դեկտեմբերի 7-ի խրոնիկա. Կիրովական, լացող վրացին, թխսկան տատս ու պապիս խնձորենիները

Նրա ազգականուհի Թերեզան Sputnik Արմենիային պատմեց, որ երբ երկրաշարժը  սկսվել է, Ալվինան երկու կրտսեր քույրերի հետ եղել է մանկապարտեզում։ Մյուս երկու քույրերը դպրոցում են եղել։

Ալվինան եղել է ավագ խմբում, Լիլիթը` կրտսեր, Տաթևը` մսուրում։ Ալվինան սովորություն է ունեցել. մանկապարտեզում օրվա ավարտից հետո գնացել է Լիլիթ ու Տաթևի պահարանների մոտ, վերցրել նրանց իրերը, հագցրել քույրերին և սպասել մայրիկին։

«Տաթևը երկրաշարժի պահին գնացել է Ալվինայի խմբի կողմը և միջանցքում է եղել, այնտեղ էլ մնացել է փլատակների տակ։ Լիլիթն այն հատվածում է եղել, որտեղ հրդեհ է բռնկվել։ Երբ փլատակների տակից հանել են դաստիարակին, նա ասել է, որ լսել է Ալվինայի ձայնը», – պատմել է Թերեզան։

Որ չխելագարվեմ. Վրաստանից ժամանած փրկարարները Սպիտակից ճերմակած մազերով էին վերադառնում

Նրա խոսքով` կրտսեր քրոջը` Տաթևին, մահացած են գտել։ Լիլիթն ինքնուրույն դուրս է եկել ավերակների միջից։ Դպրոցում սովորող երկու քույրերը (Աննա և Ալվարդ) փրկվել են։

Իսկ Ալվինային չեն գտել։

«Քանի որ այդ օրը Ալվինայի ծննդյան օրն էր, դաստիարակչուհին թույլ է տվել նրան ազատ զբոսնել մանկապարտեզի ներսում։ Երկրաշարժից հետո, երբ հայրը գնացել է զննելու մանկապարտեզը, Տաթևի, Լիլիթի և Ալվինայի պահարանները դատարկ են եղել։ Մնացածների մեջ եղել են սաների հագուստները։ Այսինքն ենթադրելի է, որ նա հասցրել է հավաքել իրերը և դուրս վազել մանկապարտեզից», – ասում է Թերեզան։

Նրա խոսքով` երկրաշարժից հետո իր մորաքրոջ հարսը տեսել է Ալվինային։ Նա ինչ–որ տեղ է վազել։ Երբ հարցել են, թե ուր է վազում, Ալվինան ասել` մոր աշխատանքի վայր։ Նրան այլևս ոչ ոք չի տեսել։

Դեկտեմբերի 7–ին նա դարձել էր 7 տարեկան. անավարտ ծննդյան օր Սպիտակում

Նրանց մայրը հաշվապահ էր աշխատում մանկապարտեզից ոչ հեռու գտնվող ապահովագրական գործակալությունում։

Երկրաշարժից տուժածներին բուժած վրացի բժիշկը փնտրում է իր վիրահատած աղջկան

Երկրաշարժից հետո Երևանում ստենդի վրա կախել են անհետ կորածների լուսանկարները։ Մորաքույրը պատմել է Թերեզային, որ երբ նրանք լուսանկարը փակցրել էին այնտեղ, որոշ ժամանակ անց այն պոկել էին. Հենց միայն նրա լուսանկարը։

Ալվինային մինչև հիմա չեն գտել։ Նա լավ է իմացել իր անուն–ազգանունը։ Հարազատները ենթադրում են (հուսով են), որ նրա մոտ շոկ է եղել, և նա շատ բան մոռացել է, ուստի դրա համար կապ չի հաստատել։

Sputnik Արմենիան խնդրում է ընթերցողներին դիմել խմբագրություն, եթե նրանք ինչ–որ տեղեկություն ունեն Ալվինայի մասին։